LeadershipMap հմտությունների գնահատման ծրագիր grow edutainment-ի կողմից #Unsmoke-ի հետ
«Առաջնորդություն» բառի որոնման արդյունքում միայն Google-ը 10 վայրկյանում գեներացնում է մոտ 3,800,000 պատասխան , և դա զարմանալի չէ: Այսպես կոչված VUCA աշխարհի (անկայուն, անորոշ, բարդ և երկիմաստ) առաջացմամբ՝ հիմա ավելին, քան երբևէ մարդիկ փնտրում են լուծումներ՝ նոր տեսակի գլոբալ խնդիրներ հաղթահարելու համար։
Այդ խնդիրների թվում են ՝ գլոբալ կլիման, կրթության ճգնաժամը, բռնությունը, մարդու իրավունքների ոտնահարումը, առողջապահական խնդիրները եւ այլն։
Հենց այս բազմաշերտ խնդիրները լուծելու համար հարկավոր են նոր տեսակի առաջնորդներ, ովքեր ոչ միայն կարող են արագ կողմնորոշվել այդ փոփոխվող միջավայրում, այլև ունակ են առաջարկելու կաղապարից դուրս, հանրային դրական փոփոխություն բերող լուծումներ։
grow edutainment կազմակերպությունը, ներդնելով տաղանդների զարգացման բնագավառում երկար տարիների փորձը, սկսում է Առաջնորդների Քարտեզ աննախադեպ ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանում նոր տեսակի առաջնորդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։ Առաջատար կազմակերպությունների և լավագույն գործատուների հետ համագործակցելով՝ մենք կիրականացնենք առաջնորդական հմտությունների գնահատման ծրագրեր հատուկ մեթոդաբանությամբ։ Ծրագրի շրջանակներում շուրջ 150 մասնակիցներ կստանան իրենց առաջնորդական կարողությունների և ներուժի վերաբերյալ համալիր գնահատական և հմտությունների զարգացման վերաբերյալ առաջարկություններ։ Ձևավորված "տաղանդների ռեզերվը" հասանելի կլինի հայաստանյան առաջատար կազմակերպություններին՝ ապագա աշխատակիցների ընտրության համար։
LeadershipMap նախագիծը մեկնարկում է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության հետ, որը 2019 թվականին առաջին անգամ Հայաստանում հավաստագրվել է որպես լավագույն գործատու՝ տաղանդների կառավարման ոլորտում առկա առաջադեմ փորձառության շնորհիվ՝ ներառյալ աշխատանքի ընդունման գործընթացը, ուսուցումն ու մասնագիտական զարգացումը, կարիերայի և առաջխաղացման կառավարումը, աշխատակիցների վարձատրության ու արտենությունների ծրագիրն ու, իհարկե, ընկերության՝ ներգրավվածության ու բազմազանության սկզբունքների վրա հիմնված ներքին մշակույթը։ “Լավագույն գործատուի” հավաստագրումը վկայում է այն մասին, որ ընկերությունը կիրառում է տաղանդների հետ աշխատելու լավագույն փորձը՝ միևնույն ժամանակ լինելով առաջադեմ համաշխարհային ընկերություններից մեկը, որ բիզնեսում հաջողություն ունենալու համար առաջնահերթությունը տալիս են մարդկանց։ Ավելին, համաշխարհային այդ ճանաչումը հնարավոր է դարձել շնորհիվ Ֆիլիպ Մորրիսի պարզագույն կարգախոսի՝ “Ընկերությունները չեն փոխում աշխարհը, դա անում են մարդիկ”։
Ինչպե՞ս դիմել․
Փուլ առաջին ՝ առաջարկի՛ր 21-րդ դարի առաջնորդության քո նորարար գաղափարը.
Քայլ առաջին․ Որպես 21-րդ դարի առաջնորդ ներկայացրու Հայաստանը ծխից ազատելու քո գաղափարը։ Արա դա ցանկացած եղանակով՝ նկար, վիդեո կամ այլ աջակցող նյութերով։ Մեր փորձագետները կընտրեն ամենանորարար, ազդեցիկ և իրատեսական 150 գաղափարները, որոնց հեղինակները հնարավորություն կստանան մասնակցելու առաջնորդական հմտությունների գնահատման համալիր ծրագրին։ Կիսվի՛ր քո գաղափարով Facebook սոցիալական ցանցում՝ օգտագործելով #armtalent և #UNSMOKE հեշթեգերը։ Որպեսզի առաջնորդության քո գաղափարը մեզ հասանելի լինի, այն պետք է դարձնել հանրային (public post):
Քայլ երկրորդ․ Անցի՛ր հղումով ու լրացրու դիմումի ձևը՝ տրամադրելով նաև գրառման, նկարի կամ հոլովակի հղումը։
Փուլ երկրորդ ՝ բացահայտիր առաջնորդության քո ներուժը
Նորարար բանաձևեր առաջարկած 150 մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու միջազգային առաջադեմ մեթոդաբանությամբ կազմված "Գնահատման կենտրոն" ծրագրին։ Գնահատման արդյունքում լավագույն մասնակիցները նաև կգրանցվեն “տաղանդների ռեզերվում” Ֆիլիպ Մորրիսում և այլ առաջատար կազմակերպություններում հետագա աշխատանքի ընդունման համար։
Ո՞վ կարող է դիմել․
Առաջնորդության գնահատման ծրագրին կարող են դիմել բակալավրի ավարտական կուրսի (20+), մագիստրատուրայի ուսանողներն ու ասպիրանտները, երիտասարդ մասնագետներն ու միջին օղակի ղեկավարները։
Ե՞րբ կարելի է դիմել․
Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի նոյեմբերի 15-ը։ Առաջնորդության հմտությունների գնահատումը կմեկնարկի 2019 թվականի նոյեմբերի 24-ից։
«grow edutainment» խորհրդատվական կենտրոնի մասին․
grow edutainment–ը անհատների, թիմերի, բիզնեսի ու համայնքի աճի և զարգացման կենտրոն է: Ուսուցման և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում մենք կարևորում ենք «կրթազվարճանքի» (edutainment=education+entertainment) մոտեցումը, քանի որ համոզվել ենք, որ զարգացման գործընթացը չի ապահովում ցանկալի վերջնական արդյունք, եթե այն տհաճ է մասնակիցներին: grow edutainment–ի առանձնահատկություններից է այլընտրանքային ֆորմատների և մեթոդների կիրառումը մեր ծրագրերի ընթացքում:
#UNsmoke շարժման մասին․
#UNsmoke-ը կյանքը ծխից ազատելն է: Այս շարժումը միավորում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ծխից ազատել իրենց, իրենց ընտանիքին և ընկերներին: Ծխի դեմ պայքարը մնում է մարդկության առաջ ծառացած համաշխարհային մարտահրավերներից մեկը։ Հաշվի առնելով վերոհիշյալն ու ներշնչված լինելով առանց ծուխ ապագա ստեղծելու իր առաքելությամբ, Ֆիլիպ Մորրիս ընկերությունը նախաձեռնել է #UNSMOKE-ը՝ որպես աշխարհի ծխողներին, չծխողներին, կարգավորող մարմիններին և փոփոխության համար պայքարողների համախմբող մի շարժում։